15 10 2020

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել է 1 երեխա, ծանր վիրավորում են ստացել` 3-ը. ԿԳՄՍՆ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել է 1 երեխա, ծանր վիրավորում են ստացել` 3-ը. ԿԳՄՍՆ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, ով 5 օր մնացել է կոմայի մեջ։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեն: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան ևս մեկ տղա:

Մեծապես վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը։ Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են։ Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց` չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս համայնքների դպրոցները, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կազմակերպել են հեռավար դասեր։ Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ